ԱԺ-ն արտահերթ նիստերն ավարտեց ու սպասում է հաջորդներին, նախագահը գնաց-եկավ Աստանա, վարչապետը Դիլիջանում էր հանդիպումներ ունենում: Ամենաերևացողը ՊԵԿ-ն է: Մաքսատներից գործարարներ՝ առանց վերև-ներքև նայելու՝ կարգուկանոն են հաստատում, իսկ մենք կարգուկանոնի ժողովուրդ չենք: Մերը գործն առաջ տանելն է՝ օրենքով, օրենքից դուրս, բայց՝ առաջ: Հիմնավորումը մեկն է՝ օրենքով տուն չես պահի: Առայժմ գործուն հիմնավորում է: ՊԵԿ-ը կարող է ազնվության հրաշքներ գործել, անազնիվ մթնոլորտում ոչ կնկատվի, ոչ կգնահատվի, ոչ անպատիժ կմնա: Եթե բանուկ մայրուղում արևածաղիկ կամ խաշած եգիպտացորեն վաճառողից ՊԵԿ-ի աշխատակիցներն այլևս իրենց «հարկը» չեն վերցնում, մարզպետարանի ու ոստիկանության աշխատակիցները վերցնում են, արևածաղկի ու եգիպտացորենի գինը չի իջնում, վաճառողի կենսամակարդակը չի բարձրանում: Նա սկսում է մտածել, որ մի քանի ամիս հետո ՊԵԿ-ի աշխատողները տեղը հանելու են: Սա Հայաստանն է, ուր ամեն ինչ ունի ենթատեքստ:
Բազում ենթատեքստեր կան աշխարհում՝ մեր շուրջը, որ ուղիղ տեքստով վերաբերում են մեզ: Միայն փաստեր:
1. Ահաբեկչություն Թեհրանում, 17 մարդ զոհվեց, 40-ը վիրավորվեց: ԻԻՀ հետախուզության նախարարությունը հաղորդեց, որ հինգ հարձակվողներն իրանցիներ էին, հեռանալով երկրից՝ նրանք միացել էին ԻՊ-ի ահաբեկչական խմբավորումներին Իրաքում և Սիրիայում, մասնակցել Մոսուլի և Ռաքքայի մարտերին: Իրանի հետախուզության նախարարությունը նաև հայտնեց, որ ձերբակալել են ահաբեկիչների երրորդ խմբին՝ կանխելով նոր հարձակումը: Իրանին ամենաինքնատիպ ցավակցությունը Դոնալդ Թրամփինն էր: ԱՄՆ նախագահը ցավում էր կորուստների համար ու արձանագրում, որ Իրանը և զոհ է, և ահաբեկչությանն աջակցող պետությունները կարող են իրենց աջակցած չարիքի զոհը դառնալ: ԱՄՆ-ի Սենատում ներկայացվեց Իրանի դեմ նոր պատժամիջոցների նախագիծ, պատիժներ են նախատեսվում Թեհրանին բալիստիկ հրթիռների փորձարկումներում աջակցողների համար: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Թվիթերում գրեց. «Անտանելի են Սպիտակ տան հայտարարությունը և Սենատի պատժամիջոցները: Իրանցիները դիմակայում են ԱՄՆ-ի հաճախորդների կողմից պաշտպանվող ահաբեկչությանը: Իրանի ժողովուրդը մերժում է ԱՄՆ-ի օրինակով արված նման բարեկամական հայտարարությունը»: Հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարեց, որ ահաբեկչական հարձակումները չեն կարող ազդել Իրանի ժողովրդի կամքի վրա: Նախագահ Հասան Ռոհանին ասաց, որ հարձակումներն Իրանին ավելի վճռական կդարձնեն տարածաշրջանում ահաբեկչության, ծայրահեղականության և բռնությունների դեմ պայքարում, և միջազգային հանրությանը կոչ արեց համագործակցել ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու հարցում: Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը երդվեց վրեժխնդիր լինել արյունահեղության համար:
2. Ահաբեկչությունը Թեհրանում հաջորդեց Կատարի սկանդալին: Պարսից ծոցի երկրները դիվանագիտական պատերազմ հայտարարեցին Կատարին, որ հաջորդ քայլով ուղղորդվում է Իրանի դեմ: Պատահական չէ, որ Թեհրանն արդեն հինգ ինքնաթիռ է ուղարկել Դոհա՝ սննդամթերքով, ու առաջինը կոչ արեց հարցը բանակցություններով լուծել: Հրաշալի իմանալով, որ Կատարի դեմ գործողությունների կարմիր ժապավենի մկրատը Դոնալդ Թրամփի ձեռքին է, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ավելի հրաշալի հնարավորություն գտավ Թրամփին հակադրվելու Վաշինգտոն իր ձախողված այցից հետո: Նա կոչ արեց Պարսից ծոցի երկրներին հրաժարվել Կատարի մեկուսացումից: «Ես երբեք չեմ նկատել, որ Կատարն աջակցի ահաբեկչություններին»՝ հայտարարեց Էրդողանը և խոստացավ, որ Թուրքիան կշարունակի ապահովել Կատարի բնակչությանն անհրաժեշտ մթերքներով:
Եվ ոչ միայն հացիվ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը հավանություն տվեց Կատարում թուրքական զորախմբի մեծացմանը: Եվս 270 թուրք զինվորներ արդեն Կատարում են: Թվիթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ինքնախոստովանական» ցուցմունքից հետո («Հաճելի է տեսնել, որ Սաուդյան Արաբիա այցը, հանդիպումը թագավորի ու 50 պետությունների ներկայացուցիչների հետ արդեն տալիս է իր պտուղները: Նրանք հայտարարել են, որ կոշտ դիրքորոշում կունենան էքստրեմիզմի ֆինանսավորմանը, և բոլորը տալիս էին Կատարի անունը: Գուցե դա դառնա ահաբեկչության սարսափների վերջը») վերցրեց հեռախոսն ու զանգահարեց Կատարի էմիր շեյխ Համիդ բին Խալիֆա ալ-Թանին և ասաց, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է միասին գործեն՝ կանխելու ահաբեկչական խմբերի ֆինանսավորումը, խոչընդոտեն ծայրահեղական գաղափարախոսության տարածումը: Հետո էլ՝ օգնություն առաջարկեց ճգնաժամը հաղթահարելու համար, ասաց՝ պատրաստ է անհրաժեշտության դեպքում հանդիպում կազմակերպել Սպիտակ տանը: Կատարի ճգնաժամը կարգավորելու համար ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվա էր հրավիրել Կատարի ԱԳ նախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման էլ Թանին: Լավրովը խոստացավ հնարավորն անել՝ «Ելնելով սկզբունքային պատկերացումներից՝ մենք չենք միջամտում ոչ այլ պետությունների ներքին գործերին, ոչ նրանց երկկողմ հարաբերություններին։ Սակայն մեզ չի կարող ուրախացնել մեր գործընկերների հարաբերությունների վատացումը»:
Իսկ Կատա՞րը: Կատարի ԱԳ-ն առաջին իսկ օրը հայտարարեց, որ անընդունելի է անկախ պետության նկատմամբ վերահսկողություն սահմանելու փորձը: «Մենք չենք հանձնվի և երբեք չենք հրաժարվի մեր արտաքին քաղաքականության անկախությունից»՝ ասաց ԱԳ նախարար Մոհամեդ բին Աբդուլռահմանը: Այսինքն՝ Դոհան չի հանձնվելու, մնում է կամ պատերազմել, կամ բանակցել: Օմանը, Քուվեյթը, Իրանը պատրաստ են միջնորդական առաքելություն ստանձնել: Դիվանագիտական պատերազմի տասնյակը սպասո՞ւմ է Դոնալդ Թրամփի հաջորդ թվիթին, որ կողմնորոշվի Կատարի հարցում, թե՞ կոնֆլիկտը հարթելու բանակցություններ են սկսվել, շատ քչերը գիտեն: Արևելքը բարդ մատերիա է, առավել ևս մատերիան բարդանում է, երբ խոսքը պատերազմի, դոլարների, նավթի ու ահաբեկչության մասին է:
3. Միայն Կատարը չէր տարածաշրջանը տարուբերում: Իրաքում Քրդստանի ինքնավարության կառավարությունը հայտարարեց, որ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացնելու Էրբիլի, Դոհուկի և Սուլամանիայի շրջաններում և հարակից տարածքներում, որտեղ քրդեր են բնակվում: Քրդական ինքնավարությունը Իրաքի հյուսիսում է, այնտեղ շատ նավթ կա: Իրաքի արտաքին և ֆինանսների նախկին նախարար Հուշիար Զեբարին, որ հիմա Մասուդ Բարզանիի ավագ խորհրդականն է, ասաց, որ անկախության հանրաքվեի որոշումն անշրջելի է՝ «Մենք անցել ենք Ռուբիկոնը, հետքայլ չկա»: Թուրքիայի ԱԳ նախարարությունը «լուրջ սխալ» որակեց որոշումը: «Մենք ընդգծում ենք, որ անկախության հանրաքվեն օգուտ չի տա Քրդստանի ռեգիոնալ կառավարությանը կամ Իրաքին: Տարածաշրջանում ծայրահեղ կարևոր զարգացումների ժամանակ դա կմեծացնի անկայունությունը և կառաջացնի բացասական հետևանքներ»՝ հայտարարեց Թուրքիայի ԱԳՆ-ն, շեշտելով, որ իր արտաքին քաղաքականությունն իրականացնելիս Թուրքիան մեծ ուշադրություն է դարձնում անվտանգության ու միասնության հարցերին: «Իրաքի տարածքային ամբողջականությունը և քաղաքական միասնության պահպանումն Իրաքի հանդեպ Թուրքիայի քաղաքականության հիմնարար սկզբունքներից է: Այդ սկզբունքները տևական կայունության, խաղաղության, անվտանգության և բարգավաճման նախապայմաններից են»՝ ասաց Անկարան և կասկածեց ընտրողների կամքի արտացոլման վրա՝ «հաշվի առնելով անկայուն իրավիճակը»՝ Իրաքի ժողովուրդն արտակարգ պայմաններում է ապրում և «հստակ է, որ վիճահարույց կարգավիճակով ռեգիոններ ընդգրկող տարածաշրջանում անցկացվելիք հանրաքվեն հեռու կլինի հանրության կամքն արտահայտելուց»: «Իրաքի միասնականությանը վնասելու փոխարեն երկխոսության և երկրի ամբողջականությունը միասնաբար ամրապնդելու կարիք կա»՝ ճանապարհ ցույց տվեց Անկարան: Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը որոշումը համարեց «անպատասխանատու», հավելելով, որ տարածաշրջանում բավականաչափ խնդիրներ կան, ասաց՝ Թուրքիան ցանկանում է, որ բոլոր իրաքցիները միասին ապրեն որպես մի ժողովուրդ, «պետք չէ տարածաշրջանում լրացուցիչ խնդիրներ ստեղծել»: Հանրաքվեին, բնականաբար, դեմ է և Իրաքի իշխանությունը: Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին անցած ապրիլին ասել էր՝ հարգում է քրդերի անկախության համար քվեարկելու իրավունքը, սակայն չի կարծում, թե «հիմա դրա ժամանակն է»: Քրդստանում անկախության հանրաքվեի որոշման հրապարակումից հետո Բաղդադն արձանագրեց. «Անկախության հարցում մենք մերժում ենք Էրբիլի միակողմանի քայլը»: Թեհրանը ևս դեմ էր՝ պաշտպանելով Իրաքի տարածքային ամբողջականությունը և Իրաքյան Քրդստանը համարելով Իրաքի անբաժան մաս: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին ասաց. «Միասնական Իրաքը, որն ունի կայունություն ու ժողովրդավարություն, համարվում է բոլոր իրաքցիների իրավունքների երաշխավորը: Քրդստանը իրաքյան տարածքի անբաժան մասն է, և Իրանն աջակցում է Իրաքի միասնականությանը»:
Շաբաթվա զարմանքը եվրոպական էր: Բրեկզիտից հետո Մեծ Բրիտանիայի ընտրողները ընտրվողներին նոր անակնկալ մատուցեցին: Արտահերթ ընտրություններում ևս 100 մանդատով դիրքերն ամրացնելու ակնկալիքով ցրելով խորհրդարանը, որտեղ տորիները մեծամասնություն ունեին, վարչապետ Թերեզա Մեյը կորցրեց 12 մանդատ: Տորիները 318 մանդատ ստացան 650-ից, լեյբորիստները 29-ով ավելացրին մանդատները: Լեյբորիստների նախագահ Ջերեմի Կորբինը հրաժարական պահանջեց վարչապետից: Թագուհուց ստանալով նոր կառավարություն կազմելու առաջարկ՝ Թերեզա Մեյը ստիպված էր դիմել 10 մանդատ ստացած Հյուսիսային Իռլանդիայի դեմոկրատական յունիոնիստական կուսակցությանը: «Մեր երկիրն ամենից առավել կայունության կարիք ունի: Ինչպես և նախկինում, այսուհետ ևս մենք կշարունակենք աշխատել մեր բարեկամ ու դաշնակից յունիոնիստների հետ: Մեր երկու կուսակցություններն ամուր կապեր ունեն տարիներ ի վեր, սա մեզ վստահություն է ներշնչում, որ կարող ենք միասին աշխատել՝ ի շահ Միացյալ Թագավորության»,- պնդեց Թերեզա Մեյը և արդեն կազմել է նոր կառավարություն՝ ոչ մեծ փոփոխություններով: Հիմա նա այլևս Բրյուսել չի գնա վստահության մեծ պաշարով: Բրյուսելում մտադիր չեն այնքան սպասել, մինչև Ալբիոնը լուծի ներքաղաքական հարցերը, ուժեղանա ու նոր գա: Նրանք սպասում են Թերեզա Մեյին, որ, ինչ էլ ասեն, այնումենայնիվ, Մարգարետ Թետչեր չի դառնում:
Չզարմացրեց Ֆրանսիան՝ խորհրդարանի ընտրությունների առաջին փուլում նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ» կուսակցությունը նախնական տվյալներով ստացավ 30- 32 %: Գուցե ԵՄ-ում կյանքն ավելի կանխատեսելի՞ է, քան ԵՄ-ից դուրս:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո ՌԴ նախագահ Պուտինի մասին աշխարհը քիչ է խոսում՝ Թրամփն ամեն օր մի գյուտ անում է, Պուտինն ընտրել է լռության մարտավարությունը՝ 2018-ի ընտրություններից առաջ և քիչ է խառնվում աշխարհի գործերին՝ մի Սիրիա, մի ՈՒկրաինա: Նույնիսկ ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցությանը առանձնապես չարձագանքեց: Ոչ էլ ԵՄ-ի հետ ՈՒկրաինայի առանց վիզայի ռեժիմին, երբ Պորոշենկոն իրեն Լերմոնտովի տեղը դրեց ու ասաց. «Մնաս բարով, անլվա Ռուսաստան»: Բոլոր այս իրադարձությունները վերաբերում են մեզ իրենց հետևանքների մեջ ու մեր հարցերին ավելացնում իրենցը: Պաշտպանվա՞ծ է Հայաստանը տարածաշրջանի անակնկալներից՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, ահաբեկչական: Ե՞րբ կլինի Հայաստանում քաղաքական մթնոլորտի փոփոխություն: Մենք աշխարհի մա՞ս ենք, թե՞ ծայրամաս, որտեղ քաղաքական տեքստերին ենթատեքստերն են փոխարինում: